Հեղափոխական առաջարկներ նախաձեռնող խմբի կողմից

July 19, 2010

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այսօր հանդես է եկել ՀՀ կրթական համակարգը բարեփոխելու հեղափոխական առաջարկով


«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բաց նամակով դիմել է Հանրային խորհրդի անդամներին։ Ստորև ներկայացվում է բաց նամակը։ «Հանրային խորհրդի հարգելի անդամներ, Թույլ տվեք ներկայացնել մեր նկատառումները «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների՝ ձեզ ուղղված բաց նամակի կապակցությամբ: Հուսով ենք, որ դրանք կարող են օգտակար լինել Միջազգային Բակալավրիատի կիրառման և, ընդհանրապես, Հայաստանում ժամանակակից դպրոցներ հիմնելու հնարավոր եղանակների մասին կարծիք կազմելու տեսանկյունից:

1. Ընդհանուր տեղեկություններ Միջազգային Բակալավրիատի կրթական ձևաչափն ունի երեք տարիքային ծրագրեր`[1]

• Նախնական տարիքի ծրագիր՝ 3-12 տարեկան երեխաների համար

• Միջին տարիքի ծրագիր` 11-16 տարեկանների համար

• Դիպլոմային ծրագիր` 16-19 տարեկանների համար:

«Դիլիջան» միջազգային դպրոցում նախատեսվում է 13-ից 18 տարեկան երեխաների ուսուցումը, հետևաբար այստեղ հնարավոր է Միջին տարիքի ծրագրի և Դիպլոմային ծրագրի իրագործումը:

2. Միջազգային Բակալավրիատի դասավանդման լեզուն Միջազգային Բակալավրիատի Նախնական և Միջին տարիքի ծրագրերում դասավանդումը կարող է իրականացվել ցանկացած լեզվով, այդ թվում և` հայերենով: Հետևաբար, չկա Միջին տարիքի ծրագիրը հայերենով իրականացնելու որևէ սահմանափակում: Ինչ վերաբերում է Դիպլոմային ծրագրին, տվյալ պահին դասավանդման լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, և իսպաներենը: Սակայն Միջազգային Բակալավրիատը զարգացող մի համակարգ է, և այս պահին արդեն գոյություն ունի Դիպլոմային փորձնական ծրագիր գերմաներենով[2]: Այսինքն, եթե ստեղծվի պահանջվող չափանիշին համապատասխանող հայալեզու դպրոց, ապա Միջազգային Բակալավրիատի կողմից այն նույնպես կճանաչվի: Այս պարագայում Հայաստանը կստանա մի առաջնակարգ հայալեզու դպրոց, որը կկարողանա դառնալ գերազանցության կենտրոններից ու հայալեզու կրթության նշաձողերից մեկը: Ասվածից ակնհայտ է դառնում, որ Լեզվի և Հանրակրթության մասին օրենքների փոփոխություններն բացարձակապես ավելորդ են Հայաստանում նման դպրոցի ստեղծման համար: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը «Դիլիջան» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին ուղղել էր մի նամակ[3], որտեղ առաջարկվում էր այդ դպրոցում ուսուցումը կազմակերպել հայոց լեզվի հիման վրա: Այս տեսակետը մանրամասն վերաշարադրվել է նաև «Դիլիջան» դպրոցի ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում: Ցավոք, նախաձեռնող խմբի առաջարկի մասին հոգաբարձուների խորհրդի կողմից Հանրային խորհրդին ուղղված բաց նամակում չկա որևէ անդրադարձ:

3. Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացը և Հայաստանի ողջ կրթական համակարգի մրցունակության բարձրացման խնդիրը Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացն արդիական խնդիր է, քանի որ այդ ձևաչափը Հայաստան ներմուծելու ցանկություն հայտնել և այս կամ այն չափով այդ ուղղությամբ գործողություններ են ծավալել մի քանի դպրոցներ, այդ թվում` «Դիլիջան» միջազգային դպրոցը, «Քվանտ» վարժարանը և «Անանիա Շիրակացի» ճեմարանը: Կան նաև այլ դպրոցներ, որոնք չեն պատրաստվում դառնալ Միջազգային Բակալավրիատի դպրոց, սակայն աշխատանքներ են կատարում նման դպրոցներում օգտագործվող դասագրքերն ու ծրագրերը հայերեն թարգմանելու ուղղությամբ: Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացնելու հարցում շահագրգիռ դպրոցները կարող են ստեղծել մի մարմին, որը կկատարի աշխատանքի բաժանումն ու կհամակարգի ծրագիրը: Այս ծրագրին կարող են միանալ Հայաստանի և սփյուռքի պետական ու հասարակական բոլոր շահագրգիռ կազմակերպությունները: Կատարված ներդրումները կունենան բազմապատիկ արդյունք, քանի որ բացի բուն ծրագրի իրագործումից մի քանի օրինակելի դպրոցներում, հնարավորություն կտան նորագույն նորարարական կրթական մեթոդները հայերենով հասանելի դարձնել Հայաստանի կրթական ողջ համակարգի համար, այսպիսով վերացնելով լեզվական խտրականությունը և հնարավոր դարձնելով ողջ կրթական համակարգի, այլ ոչ թե նրա մի մասի մրցունակության բարձրացումը:

4. Ոչ հայերենով Միջազգային Բակալավրիատի ռիսկերը Հայաստանում օտարալեզու հանրակրթության ասպարեզ մեծածավալ, տասնյակ միլիոն դոլարներ հաշվող ներդրումների հոսքը կհանգեցնի մի անհավասարակշիռ, արհեստական իրավիճակի, երբ հայալեզու դպրոցները կհայտնվեն մրցակցության իմաստով անհավասար պայմաններում: Այս անբարենպաստ իրավիճակը կհեղինակազրկի հայալեզու հանրակրթությունը և բնականաբար կստիպի իրենց զավակներին լավագույն կրթություն տալով մտահոգ ծնողներին իրենց երեխաների համար նախընտրել օտարալեզու դպրոցը: Սա կհանգեցնի օտարախոս վերնախավի ձևավորմանը, որը լավագույն դեպքում կտիրապետի խոսակցական հայերենին։ Նման իրավիճակի վառ օրինակն է այսօրվա Լիբանանը: Այս խավին կհետևեն մնացածները։ Այստեղ չի օգնի դպրոցների քանակի արհեստական սահմանափակումը, քանի որ դա կառաջացնի սոցիալական ընդվզում և իշխանություններն ի վերջո ստիպված կլինեն տրամադրել նման դպրոցների հիմնադրման և գործունեության անսահմանափակ իրավունք բոլորի համար և ցանկացած լեզվով: Օտարալեզու դպրոցների քանակական աճին զուգընթաց՝ բոլոր ավագ դպրոցներում կրթությունն օտար լեզուներով իրականացնելու պարագայում, Հայաստանի բուհական համակարգից հայերենը աստիճանաբար դուրս կմղվի: Սրա հետևանքով այն այլևս կդադարի գիտության լեզու լինելուց, կզրկվի ժամանակին համընթաց զարգանալու հնարավորությունից: Այսօրվա ճկուն ու ժամանակակից հայերենը, որով հեշտությամբ ձևակերպվում են գիտության ամենանոր ու ամենաբարդ հասկացությունները, կվերածվի կենցաղային լեզվի: Այս ամենի հետևանքով կտրուկ կնվազեն հայերենի գործառնության ոլորտները, հաղորդակցական հնարավորությունները և հեղինակությունը՝ դուրս մղելով նրան հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ապա՝ հարցականի տակ կդրվի ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետևապես նաև՝ հայ ազգի գոյությունը։ Եվ սա անհիմն ու վերացական ենթադրություն չէ, այլ նկարագրությունն է իրականում տեղի ունեցած ու ներկայումս ընթացող լեզվափոխության (language shift), որը հանգեցրել է բազմաթիվ լեզուների փաստացի վերացման:

5. Հայկական միջազգային դպրոցների ցանցի հրամայականը և «Դիլիջան» միջազգային դպրոցում արտասահմանից սփյուռքահայերի ընդգրկումը Սփյուռքի երեխաների համար հայալեզու բարձրակարգ դպրոցներում սովորելու հնարավորությունն այսօր, առավել քան երբեք, կարևորվում է նաև Կիպրոսի Մելքոնյան դպրոցի փակվելու խորհրդանշական հանգամանքով: Ցավոք, ներկայումս աշխարհում այլևս չկա համահայկական նշանակություն ունեցող որևէ դպրոց և ակնհայտ է, որ նման դպրոցի ստեղծման նախաձեռնումը իր շահերը գիտակցող՝ անկախ պետականություն ունեցող, հայրենիքի պատվի և պարտականության գործն է դառնում: Այդ դպրոցը հիմք կհանդիսանա հայկական միջազգային դպրոցների ստեղծվելիք ցանցի համար, որը հայկական ինքնության պահպանման և զարգացման լավագույն երաշխիքը կարող է հանդիսանալ համաշխարհայնացման (գլոբալիզացիա) ներկայիս ընթացքի հնարավորություններին և վտանգներին ի պատասխան: Այս ցանցը կարող է գործել հայկական սփյուռքի երկրներում՝ կենտրոն ունենալով Հայաստանը: Միջազգային չափանիշներին համապատասխանող հայալեզու դպրոցն ունի նաև հեռու գնացող քաղաքական հետևանքներ, քանի որ նշված դպրոցում արևմտահայերենին տեր կանգնելու պատրաստակամությունը կվկայի Հայաստանի Հանրապետության քաղաքական հասունության մասին: Այս կապակցությամբ նշենք, որ, չնայած թուրքական սփյուռքի անհամեմատ կարճատև գոյությանը, արդեն իսկ գոյություն ունի աշխարհի բազմաթիվ երկրներում գործող թուրքական միջազգային դպրոցների ցանց: Կարծում ենք՝ «Դիլիջան» միջազգային դպրոցում սփյուռքահայերի ընդգրկման կապակցությամբ՝ հայության առջև ծառացած խնդիրների տեսանկյունից, անհամեմատ ավելի նախընտրելի տարբերակն այն կլիներ, որ իրենց երկրներում այլ լեզուներով բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն արդեն իսկ ունեցող սփյուռքահայ երեխաներին նույնատիպ կրթություն առաջարկելու փոխարեն` Հայաստանում հայերենի հիմքի վրա լավագույն կրթություն ստանալու հնարավորություն տրվեր: Այսպիսով «Դիլիջան» միջազգային դպրոցն իր վրա կվերցներ համահայկական կարևորագույն խնդիրներից մեկի լուծումը: Սա ոչ միայն չի բացառում, այլև ենթադրում է օտար լեզուների խորը ուսուցում այդ դպրոցում:

6. «Դիլիջան» միջազգային դպրոցում ոչ հայ օտարերկրացիների ընդգրկում «Դիլիջան» միջազգային դպրոցի հեղինակներն անհրաժեշտ են համարում աշակերտության կազմում ներգրավել նաև ոչ հայ արտասահմանցիների, ինչը մենք առաջնային խնդիր չենք համարում, քանի որ նրանց փոխարեն կարող էին սովորել ավելի մեծ թվով հայաստանցիներ և սփյուռքահայեր: Այնուամենայնիվ, կարող ենք առաջարկել մի մեխանիզմ, որի օգնությամբ, անհրաժեշտության դեպքում, կարելի է հասնել նաև այս նպատակին՝ դասավանդման լեզուն հայերենը լինելու պայմանով: Ըստ նախագծի հեղինակների, այն տասներկու երկրներում (Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Միացյալ Նահանգներ, Կանադա, Լիբանան և այլն), որտեղ կա զգալի սփյուռքահայություն և որտեղից նախատեսվում է ներգրավել ոչ հայաստանցի ուսանողներին, պետք է գործեն թեսթավորման կենտրոններ, որոնք կգնահատեն դիմորդների գիտելիքների մակարդակը: Նման կենտրոններում կարող են կազմակերպվել հայերենի մեկամյա նախապատրաստական դասընթացներ՝ «Դիլիջան» դպրոցի ապագա դիմորդների համար: Այդ երկրներում համեմատաբար հեշտ կլինի հայոց լեզվի մասնագետներ գտնել` սփյուռքի առկայության պատճառով: Քննությունների, այդ թվում` հայերենի քննության հիման վրա, կընտրվեն այն ուսանողները, որոնք կշարունակեն ուսումը Դիլիջանում: Այս հանգամանքը կդառնա մի լրացուցիչ գործոն, որը կնպաստի աշխարհում հայերենի վարկի բարձրացմանը, սփյուռքահայերի ու օտարազգիների շրջանում հայերենի տարածմանը:

7. Օտարալեզու ուսուցման և ազգային դպրոցի համեմատությունը Հայաստանյան դպրոցների շատ շրջանավարտներ ընդունվում են բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բուհեր: Բացի այդ, մեր դպրոցների աշակերտներն ամեն տարի բազմաթիվ պատվավոր մրցանակներ են շահում միջազգային օլիմպիադաներում: Իսկ «Քվանտ» դպրոցը Միջազգային Բակալավրիատի կենտրոնի կողմից վերջերս ստացավ ՄԲ-ի հավակնորդի պաշտոնական կարգավիճակ: Սա գալիս է ապացուցելու, որ անգամ բազմաթիվ խնդիրներով ծանրաբեռնված ազգային դպրոցն ի վիճակի է միջազգային չափանիշներով մրցունակ լինելու: Ավելին, առաջատար հայաստանյան դպրոցները, դատելով վերը նշված չափելի և անաչառ ցուցանիշներից, կրթական մակարդակով (ցավոք, ոչ պայմաններով ու ֆինանսական հնարավորություններով) կարող են համեմատվել աշխարհի առաջատար կրթօջախների հետ: Այս դպրոցների փորձը, դրանցում կիրառվող կրթական ծրագրերն ու մեթոդները կարելի է անվարան կիրառել միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոց կամ դպրոցներ ստեղծելու պարագայում: Համապատասխան ներդրումների առկայության դեպքում դրանք կարող են դառնալ ամենաժամանակակից դպրոցի հիմքը: Միաժամանակ կարելի է դիտարկել Լիբանանի օրինակը, որտեղ, չնայած բազմաթիվ միջազգային դպրոցների առկայությանը և այն հանգամանքին, որ անգամ ազգային դպրոցներում ճշգրիտ գիտությունները միջին դպրոցից սկսած դասավանդվում են անգլերենով, միջազգային չափորոշիչներով թեստավորումները արձանագրում են զգալիորեն ավելի վատ արդյունքներ, քան Հայաստանում[4]: Փոխարենը, արաբերենը Լիբանանում դարձել է ցածր խավի լեզու [5,6]: Որպես դրական օրինակ կարելի է նշել Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Ֆինլանդիայում մայրենի լեզվի հիմքի վրա գործող բարձրակարգ կրթական համակարգերը: Հատկանշանական է նաև Հունաստանի օրինակը, ուր օտարալեզու դպրոցները գործում են որպես օտարերկրացիներին սպասարկող համակարգ: Ունենալով հունարենով կրթական համակարգը զարգացնելու ավանդույթ, Հունաստանը սահմանափակում է մուտքը օտարալեզու դպրոցներ իր քաղաքացիների համար [7]:

8. Հետևություններ Վերն արված վերլուծությունը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս արձանագրել, որ հանրակրթական ամենաժամանակակից ծրագրերը, այդ թվում նաև Միջազգային Բակալավրիատը, Հայաստանում պետք է և հնարավոր է իրագործել հայերենով` առանց «Լեզվի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու: Այս տեսանկյունից շատ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանը մոնոէթնիկ է, ունի սեփական լեզվով կրթական համակարգը զարգացնելու դարավոր ավանդույթ և հնարավորություն: Բացի այդ, Հայաստանում այսօր կան աշխարհի լավագույն դպրոցների հետ արժանապատվորեն մրցակցող դպրոցներ, որոնցում, բնականաբար, ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Միաժամանակ, հանրակրթությունը հայերենով կազմակերպելով հանդերձ, անհրաժեշտ է ապահովել ազգային փոքրամասնությունների և արտասահմանցիների համար իրենց մայրենի լեզուներով կրթություն ստանալու հնարավորությունը, ինչպես նախատեսված է գործող օրենսդրությամբ:

Ամփոփելով, ցանկանում ենք մեկ անգամ ևս կարևորել հետևյալ խնդիրները.

1. Անհրաժեշտ է շուտափույթ կերպով հայոց լեզվով տեղայնացնել Միջազգային Բակալավրիատի ծրագրերն ու դասընթացները, ինչպես նաև ջանքեր գործադրել հայերենով ուսուցման հնարավորությունը Միջազգային Բակալավրիատի համար ընդունելի դարձնելու համար՝ այդ գործում ներգրավելով հայաստանյան այն դպրոցները, որոնք ցանկանում են ընդգրկվել այդ համակարգում: Այս կարգի ներդումները լրիվ արդարացված են, քանի որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի ապահով և հեռանկարային են ազգային անվտանգության և երկրի ողջ կրթական համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից: Ուստի, ստեղծված իրավիճակում հենց այս ճանապարհն ենք համարում միակ ճիշտը, եթե խոսքը Միջազգային Բակալավրիատի մասին է: Իհարկե, անհրաժեշտ է հիշել, որ ժամանակակից դպրոց կարելի է ստեղծել նաև այլ ծրագրերով, այդ թվում` Հայաստանում մշակված և հաջողությամբ իրականացված ծրագրերով:

2. Հայաստանում և սփյուռքում միջազգային չափանիշներին համապատասխան համահայկական հայալեզու դպրոցի և դպրոցական ցանցի ստեղծումը ժամանակի հրամայական է: Օգտվելով առիթից, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հանրային խորհրդի՝ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ նախկինում ընդունած որոշումներին»:

1. http://www.ibo.org/programmes/

2. http://www.ibo.org/diploma/development/

3. http://www.nochangeinlanguagelaw.org

4. http://siteresources.worldbank.org/INTLEBANON/News%20and%20Events/20883669/Q1-2006.pdf

5. http://notesfromamedinah.wordpress.com/2010/03/07/the-death-of-arabic-in-lebanon/

6. http://www.alarabiya.net/articles/2010/02/28/101730.html

7. http://ypepth.gr/en_ec_category1543.htm

Սեդրակ Քոչարյան. “պապա, սամալյոտի միս եմ ուզում….”

April 30, 2010

– Արդեն Աֆրիկայի որսը հետաքրքիր չէ, արդեն առյուծի և անտիլոպայի մսից հոգնել ենք: Պապա, սամոլյոտի միս եմ ուզում,- ասեց Սեդրակը և հոր ձեռքը բռնած մտավ Սմոլենսկի շրջանի Կատին գյուղի մոտակա անտառը….

Լուսանկարը` Հայակական ժամանակի

Լավ էլ ձևը գտել են….

April 28, 2010

Երբ փորձում ես իշխանությունների այս կամ այն որոշման տրամաբանությունը գտնել, շատ հաճախ բանական մարդուն դա չի հաջողվում, քանի որ իշխանության մեջ գործում են լրիվ այլ օրենքներ: Բայց կարծես վերջերս նրանց կատարած իռացիոնալ քայլերին այլևս կարելի է բացատրություն տալ: Բանն այն է, որ ցանկացած` նույնիսկ անտրամաբանակ քայլ պետք է լինի որևէ մի նպատակի կյանքի կոչման կամ որևէ մի գործողության հետևանք: Այ, օրինակ, “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման որոշումը: Կարծես ներքին այսքան մեծ լարվածության և կառավարության նկատմամբ գրեթե զրոյական վստահության պայմաններում իշխանությունները ոչ թե չպետք է ընդունեին այդ որոշումը, այլ պետք է ամեն ինչ անեին նման իրավիճակ թույլ չտալու համար: Սակայն նրանք գնացին այդ քայլին, իսկ մենք կրկին սկսեցինք տրամաբանություն փնտրել: Մի մասն ասում էր, որ նրանք թքած ունեն հասարակական կարծիքի վրա, բիզնես է, անում են: Կհավատայի, եթե վերջերս մի ամբողջ կրթական հաստաություն` ԵՊՀ-ի ղեկավարությունն այդքան սարսափած չփակեր մասնաշենքերի դռները և չդադարեցներ դասերը` վախենալով մի խումբ ուսանողների բողոքի ցույցից ընդդեմ տարկետմամբ տրվող տեղերի կրճատման: Վախում են, այն էլ ինչպես են վախում: Չվախենային, գեներալ-գնդապետ ոստիկանապետը չէր կանգնի ու ի լուր աշխարհի չէր հայտարարի` հանկարծ չհանդգնեք հեղափոխություն անել, դե չէ я за себя не отвечаю! Կարծես հեղափոխության ժամը եթե գա, իրան են հարցնելու` անենք, թե չանենք: Երևի վախեցել է, որ այդ հեղափոխության արդյունքում Կիրգիզիայի ներքին գործերի նախարարի օրը գցեն, որի բարեկամները ապստամբների ձեռքից նախարարին խլելու համար 40 հազար դոլար էին վճարել: Կամ էլ երևի ափսոսում է այդ 40 հազար դոլարը վճարել:

Մոսկվա կինոթաթտրոնի դեպքը և այսօրվա լուրը կարծես ամեն ինչի պատասխանները տալիս են: Կինոմոսկովյան սադրանքներն ունեն միայն մեկ նպատակ` հասարակության ուշադրությունը շեղել տարբեր ներքին խնդիրներից: Իշխանությունները խնդիրներն ստեղծում են, հասարակական բուռն քննարկում են առաջացնում… և հանկարծ իրենց իսկ կողմից ստեղծված կառույցիկների կողմից այդ հարցին հերոսաբար լուծումներ են տալիս: Այսօր հայտնի դարձավ, որ “Հանրային խորհրդի այսօրվա նիստում որոշում ընդունվեց՝ առաջարկել ՀՀ կառավարությանը` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնել պետական հուշարձանների ցանկում: Այս որոշումն ընդունվեց 17 կողմ, 6 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:” Վազգեն Մանուկյանը հանկարծ օդից ընկավ և ասեց` հո’պ, սենց չի լինի, եկեք այս հարցը լուծենք: Կառավարությունն էլ կասի` վայ, իրոք, էս ոնց էինք սենց քայլի գնացել: Ա’խ մեզ… Եվ հարցը համազգային կոնսենսուսի արդյունքում կստանա իր լուծումը: Այլ տարբերակ չկա: Ֆեյսբուքի վեց հազարանոց խումբն էլ արդեն կարելի է փակել, հասարակական քննարկումներն էլ դադարեցնել:

Պապս մի լավ բան է ասում, բայց ամոթ է գրել…..

April 27, 2010

Երկար ժամանակ չէի գրել, բայց օտար լեզուների դասավանդմամբ դպրոցներ բացելու որոշումն ստիպեց ինձ նորից ակտիվացնել բլոգս: Ուրեմն դպրոցը, որն էս պահին 1000 ու մի խնդիր ունի լուծելու, երբ առանց այն էլ կրթական մակարդակն ընկել է և անկում է ապրում մեծ տեմպերով, Սերգոյի արժանի հետնորդ Աշոտյանը վերցնում ու օրենք է առաջարկում, որով թույլատրվելու է օտարալեզու դպրոցներ հիմնել Հայաստանի Հանրապետությունում:  Իսկ սրանից շաաաաատ վատ հոտ է գալիս:

Միացեք այս պետիցիային, այն ուղղված է մեր դպրոցներում հայալեզվության պահպանությանը:

http://www.ipetitions.com/petition/onlyhy/

Լուսանկարը` Ժամանակ Երևանից

Չի կարողանում, հո զոռով չի՞… կամ կենդանի կա քաղաքում…

November 17, 2009

Էսօր Քոչարյան Ռոբերտն է խոսել: Բավականին երկար չէր խոսել, ավելի ճիշտ վերջին անգամ սեպտեմբերի 2-ին Արցախում միայն կամերաների առաջ հռհռացել էր:

Ու այսօր էլ պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Անկախ նրանից` Տեր-Պետրոսյանը ճիշտ է, թե սխալ, ընդունելի են նրա ասածները, թե ոչ… Միևնույնն է, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի աթոռն զբաղեցրած մարդն իրավունք չունի այս տոնով և բառապաշարով խոսել: Խոսքից ամենաարժեքավորն այն էր, որ պարզ դարձավ, թե արջը շատ վայրենի կենդանի է: Ընդ որում, այդ արջին փորձում էր իր հետ համեմատել:
Հիշում ե՞ք “Հաջողության ջենթլմենները” ֆիլմում, երբ Ֆեդյան փորձում է մասնակցել խոսակցությանը և օրիգինալ թվալ, ասում է. “Мой друг десятку за пять минут так нарисует, от настоящего не отличишь”! Հիմա սա է, հենց փորձում է մի օրիգինալ բան անել, կամ ծիծաղում է կամ “սրամտում”:

Տնտեսական ճգնաժամ, բայց ոչ Քոչարյան ընտանիքի համար…

October 29, 2009

maqur_pogherԵրեկ հրապարակվեցին “պետության կարիքների համար 2008 թ ընթացքում գնված պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող ավտոմեքենաների” ցուցակները: Եվ հանկարծ պարզ դարձավ, որ կատարված ավելի քան երկուսուկես միլիարդ դրամ գումարի մեծ մասը գնացել է Ռոբերտ Քոչարյանի զավակի կողմից ղեկավարվող “Տոյոտա-Երևան” ՍՊԸ-ին (պաշտոնական սեփականատեր Սամվել Մայրապետյան): Եզրակացությունները թողնում եմ ձեզ, սիրելի ընթերցողներ: Ու սա այն պարագայում, որ Քոչարյանը պաշտոնի չի: Բա 10 տարվա ընթացքում ինչեր է արել… դեռ կպարզվի…

Ըստ մատակարարների ընդամենը հազար դրամ մասը
ՙՏոյոտա Երեւան՚ ՍՊԸ 1931710 72,6%
ՙԿարկոմավտո՚ ՍՊԸ 118303 4,4%
ՙՄուրան՚ ՍՊԸ 115560 4,3%
ՙԳլոբալ Մոթորս՚ ՍՊԸ 112420 4,2%
ՙԵվրովագեն՚ ՍՊԸ 106451 4,0%
ՙՄագաս Ինվեստ՚ ՓԲԸ 105532 4,0%
ՙԻ ԷՄ ՍԻ՚ ՓԲԸ 41310 1,6%
ՙԱրիան Մոթորս Սենթրլ
Սերվիս՚ ՍՊԸ 36000 1,4%
ՙԳարանտսերվիս՚ ՍՊԸ 28840 1,1%
ՙԱրարատ Մոթորս՚ ՍՊԸ 11400 0,4%
Ելենա Զաքարյան 10600 0,4%
ՙՎալտի Մոթորս՚ ՍՊԸ 8000 0,3%
Սարգիս Բարսեղյան 6200 0,2%
Արթուր Նազարեթյան 5535 0,2%
Բենիամին Շահինյան 4500 0,2%
Դիանա Աբգարյան 4500 0,2%
Արտակ Խաչատրյան 4500 0,2%
Արմեն Կոստանյան 4500 0,2%
ՙԱրմենիա-Լադա՚ ՓԲԸ 3870 0,1%

2659731 100,0%

Համայնքը զորեղ է… Սերժին “ջերմ” են ընդունել…

October 2, 2009

paris_protests_against_sargsyan_armenian_presidentԱյսօր Սերժ Սարգսյանը մեկն էլ է Սփյուռքահայ գաղութներ` տեղի հայ բնակչությանը համոզելու, որ նախաստորագրված արձանագրությունները բխում են Հայ ազգի շահերից: Բայց արի ու տես, որ հենց առաջին ժամերը կարելի է ձախողված համարել, քանի որ Ֆրանսիայում մեր հայրենակիցները բողոքի հզոր ակցիաներ են կազմակերպել, որի ընթացքում ոստիկանությունը Սերժին պաշտպանելու համար փորձել է ցրել բողոքողներին: Արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, կան վիրավորներ: Սերժը պետք է Կանադայի հրապարակում ծաղկեպսակ դներ Կոմիտասի արձանին, բայց… Հայտնվել է երկու րոպեյով ու փախել` հետևից լսելով ՈՉ, ԴԱՎԱճԱՆ, ԴՈՒ ԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ ՉԵՍ… Ճիշտն ասած “Երկիր մեդիայով” կադրերը նայեցի` քեֆս եկավ: Վերջապես խելքի ենք գալիս, ցավոք դանակը ոսկորին հասնելուց հետո: Մի կողմից էլ մտածում եմ, որ Սփյուռքին սա քիչ է: Երկու տարի նրանք նկատելու չէին տալիս, թե ինչ հակապետական ռեժիմ է հաստատվել երկրում (և ընդհանրապես ժողովրդավարությունը Հայաստանում երբեք իրենց գործը չի եղել): Երբ նրանց բացատրում էիր, որ սա լուրջ ձախողումների է բերելու Հայաստանի Հանրապետությունը, բանի տեղ չէին դնում, քանի որ իրենց պետք էր արտաքինից կայուն, հանգիստ Հայաստան, ուր ամառները կայցելեին և սարերից իջած պաղ ջուր կխմեին և գհիյանային Մասիսով: Դե հիմա իմացեք Հայաստանի քաղաքացիների ղադրը, թե ոնց են սրանց դիմացել և ինչ զրկանքների են ենթարկվել այս ռեժիմի դեմ պայքար մղելով:

Լուսանկարը` Ա1պլյուս

Թե ինչու՞ էին ամբողջ պետությունով բանկի շենք բացում…

September 22, 2009

Շաբաթ օրը բացվեց Հայբիզնեսբանկի գլխավոր գրասենյակը Նալբանդյան փողոցի վրա: Ասեմ, որ շատ գեղեցիկ է ստացվել, բացի մուտքի դռնից: Գիշերվա լուսավորությունն էլ է շատ տպավորիչ և յուրօրինակ տեսք ունի մեր քաղաքի անճաշակությունների մեջ: Բայց ասելիքս սրա մասին չէ…

Այլ նրա, թե ինչու՞ երկրի` լեզուս էլ չի պտտվում ասել ամբողջ էլիտան եկել էր այդ շենքի հանդիսավոր բացմանը. էլ նախագահ ու վարչապետ, քաղաքապետ ու նախարարներ, Արցախի նախորդ և ներկա նախագահները, գործարարներ ու պատգամավորներ: Սա աննախադեպ է այն առումով, որ նույնիսկ Ռ. Քոչարյանի ժամանակ ամեն կարմիր լենտին վազող նախագահն այսքան մարդ չէր տանում հետը: Ըստ իս, ներկայացուցչականության ապահովման հնարավոր երկու տարբերակ կա.

Ա. Հայբիզնեսբանկն անչափ կարևոր է այս մարդկանց համար, որոնք ամեն մեկն իր հերթին օլիգարխ է և անօրիանական ստացած եկամուտները պետք է օրինականացնել: Իսկ այսօրինակ գործողություների համար անհրաժեշտ է մեկ կամ մի քանի “հուսալի” բանկեր, որոնք կօգնեն այդ գումարները “մաքրել”: Մեխանիզմենրը շատ հեշտ են և չեմ կարծում, որ պետք է խորանալ դրա դետալների մեջ: Անկասկած այս գործոնն էլ կա, որ եկել հասել էին այդ շենքի բացմանը, բայց…

Բ. Ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ Ս. Սարգսյանը ներքին լեգիտիմության լուրջ խնդիրներ ունի: Սրան է գումարվում նաև վերջերս նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք դժգոհության ալիք են բարձրացրել երկրի ներսում: Նախորդ օրն էլ այս իշխանության դագաղին հերթական մեխը, ես կասեի` մեխերը, խփեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած Լևոն Տեր-Պետրոսյանը (ելույթի վերլուծությունը հաջորդիվ): Ելույթում հնչած ուղերձները հստակ հասցեատերեր ունեին իշխանության մեջ և կարող են քայքայիչ դեր ունենան իշխանական վերնախավի համար: Իսկ իշխանությանն էլ այսքանից հետո բան չի մնում անելու, քան սեփական “հզորությունը” ապացուցելու համար նազիր-վեզիրներին պտտացնել Ս. Սարգսյանի հետ` կարծեցյալ տպավորություն ստեղծելու համար, որ իշխանությունն ուժեղ է:

Բայց ինքը` Ս. Սարգսյանը գիտի, թե էտ նազիր-վեզիրները մի գիշերվա ընթացքում ոնց են մտափոխվում: Այդպիսի մի օպերացիա էլ ինքը Սերժն է մասնակցել 1998 թվականը փետրվարի առաջին օրերին:

Հայասատի Հանրապետությունը 18 տարեկան է

September 21, 2009

armeniaԱյս բլոգի այցելուներին և ողջ հայությանը շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ: 18 տարին քիչ չէ որոշ ամփոփումներ կատարելու համար: Բայց որ դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու մեր ուզած Հայաստանը կառուցելու համար, դա ակնհայտ է: Եվ որքան շուտ ուզենանք դա անել, այնքան վստահ կզարգանա մեր պետությունը:

Շնորհավոր:

ՀԴՄ կտրոնների էպոպեան շարունակվում է…

September 12, 2009

hdmԱյսօր ընկերս իր հարազատներից, հարևաններից հավաքած ՀԴՄ կտրոնները տարել է Հարկային տեսչության տարածքային բաժին` ասել են STOP: Քանի որ կտրոններից ստանալիք գումարն անցնում է 60 հազարից, ուրեմն պետք է գնաս Պետեկամուտների կոմիտե ու հավաքածդ կտրոնների համար դեկլարացիա գրես: Արա, էս հայերը կլնի՞ մի բան նորմալ անեն: Երևի մոռացել են, որ ասում էին հարևաններով, բարեկամներով հավաքվեք, 6 միլիոնի կտրոն բերեք, ու ստացեք մեծ գումարներ: Հիմա տեսան իրանց ասածների տակից դուրս չեն գալիս, սկսեցին արհեստական բարդություններ ստեղծել: Եվ այս ամենն անօրինական է: Բացի այդ, խոսակցություններ կան, որ տարածքային բաժիններում կան, այսպես կոչված, դալալներ, որոնք քեզանից վերցնում են կտրոնները կես գնով, որպեսզի դու հերթ չկանգնես: Հետո էլ ինքն իր ծանոթների միջոցով ստանում է հասանելիք բոնուսը:

Ձեր այն ծանոթներին, որոնք դեռ չեն ստացել իրենց հասանելիք գումարը, և որոնցից կպահանջեն դեկլարացիա գրեն, ասեք, թող դեկլարացիայի մեջ գրեն մեկ նախադասություն` նվեր եմ ստացել 150 մարդուց: Անօրինականություններին ապուշությամբ պետք է պատասխանել: