Լավ էլ ձևը գտել են….

Երբ փորձում ես իշխանությունների այս կամ այն որոշման տրամաբանությունը գտնել, շատ հաճախ բանական մարդուն դա չի հաջողվում, քանի որ իշխանության մեջ գործում են լրիվ այլ օրենքներ: Բայց կարծես վերջերս նրանց կատարած իռացիոնալ քայլերին այլևս կարելի է բացատրություն տալ: Բանն այն է, որ ցանկացած` նույնիսկ անտրամաբանակ քայլ պետք է լինի որևէ մի նպատակի կյանքի կոչման կամ որևէ մի գործողության հետևանք: Այ, օրինակ, “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման որոշումը: Կարծես ներքին այսքան մեծ լարվածության և կառավարության նկատմամբ գրեթե զրոյական վստահության պայմաններում իշխանությունները ոչ թե չպետք է ընդունեին այդ որոշումը, այլ պետք է ամեն ինչ անեին նման իրավիճակ թույլ չտալու համար: Սակայն նրանք գնացին այդ քայլին, իսկ մենք կրկին սկսեցինք տրամաբանություն փնտրել: Մի մասն ասում էր, որ նրանք թքած ունեն հասարակական կարծիքի վրա, բիզնես է, անում են: Կհավատայի, եթե վերջերս մի ամբողջ կրթական հաստաություն` ԵՊՀ-ի ղեկավարությունն այդքան սարսափած չփակեր մասնաշենքերի դռները և չդադարեցներ դասերը` վախենալով մի խումբ ուսանողների բողոքի ցույցից ընդդեմ տարկետմամբ տրվող տեղերի կրճատման: Վախում են, այն էլ ինչպես են վախում: Չվախենային, գեներալ-գնդապետ ոստիկանապետը չէր կանգնի ու ի լուր աշխարհի չէր հայտարարի` հանկարծ չհանդգնեք հեղափոխություն անել, դե չէ я за себя не отвечаю! Կարծես հեղափոխության ժամը եթե գա, իրան են հարցնելու` անենք, թե չանենք: Երևի վախեցել է, որ այդ հեղափոխության արդյունքում Կիրգիզիայի ներքին գործերի նախարարի օրը գցեն, որի բարեկամները ապստամբների ձեռքից նախարարին խլելու համար 40 հազար դոլար էին վճարել: Կամ էլ երևի ափսոսում է այդ 40 հազար դոլարը վճարել:

Մոսկվա կինոթաթտրոնի դեպքը և այսօրվա լուրը կարծես ամեն ինչի պատասխանները տալիս են: Կինոմոսկովյան սադրանքներն ունեն միայն մեկ նպատակ` հասարակության ուշադրությունը շեղել տարբեր ներքին խնդիրներից: Իշխանությունները խնդիրներն ստեղծում են, հասարակական բուռն քննարկում են առաջացնում… և հանկարծ իրենց իսկ կողմից ստեղծված կառույցիկների կողմից այդ հարցին հերոսաբար լուծումներ են տալիս: Այսօր հայտնի դարձավ, որ “Հանրային խորհրդի այսօրվա նիստում որոշում ընդունվեց՝ առաջարկել ՀՀ կառավարությանը` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնել պետական հուշարձանների ցանկում: Այս որոշումն ընդունվեց 17 կողմ, 6 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:” Վազգեն Մանուկյանը հանկարծ օդից ընկավ և ասեց` հո’պ, սենց չի լինի, եկեք այս հարցը լուծենք: Կառավարությունն էլ կասի` վայ, իրոք, էս ոնց էինք սենց քայլի գնացել: Ա’խ մեզ… Եվ հարցը համազգային կոնսենսուսի արդյունքում կստանա իր լուծումը: Այլ տարբերակ չկա: Ֆեյսբուքի վեց հազարանոց խումբն էլ արդեն կարելի է փակել, հասարակական քննարկումներն էլ դադարեցնել:

Tags: , ,

Leave a comment